Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Տապան կառուցեք, տապան

Տապան կառուցեք, տապան
14.06.2017 | 13:49

Թե ի՞նչ ու ինչո՞ւ ասաց երեկ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նրա երրորդ պաշտոնակալության արարողության ժամանակ, մոռացեք: Նման ելույթները գրվում ու արտաբերվում են իրադարձությունների բերումով, հետո մեջբերվում ու հիշվում է քաղաքական հատվածը, բովանդակությունը մոռացվում է: Վաղուց անտի Հայաստանում ու, բնականաբար, Երևանում հաստատված ավանդույթ է՝ իշխանությունն ապրում է իր կյանքը, ժողովուրդը՝ իր: Շատ հազվադեպ, միայն իրադարձությունների բերումով, միմյանց հանդիպում են ու հեռանում նույնքան արագ, որքան հանդիպել են: Այդպես երկուսին էլ հարմար է ու անվտանգ՝ երկուսի համար էլ: Բայց լինում են ֆորս մաժորներ՝ չնախատեսված հանդիպումներ, որոնց ժամանակ ամեն մեկը ներկայանում է իր բնական վիճակով: Ավանդույթ է նաև, որ երկու փաթիլ ձյունն ու երեք կաթիլ անձրևն ամբողջ քաղաքը խառնում են իրար, կաթածահարում երթևեկությունն ու մարդկանց անցուդարձը: Իսկ հորդառատ անձրևը հավասարվում է ցունամիի: Երեկ Երևանով հենց ցունամի անցավ:


Տարօրինակ է հնչում, բայց «Վեոլիա ջուրը» հայտարարեց, որ տարին երեք անգամ (գարնանը` ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, հորդ անձրևներից հետո), անձրևատար ցանցը պարտադիր մաքրվում է կուտակված աղբից և այս տարի վերջին անգամ մաքրվել է մեկ ամիս առաջ: Նրանք պնդում են, որ երեկվա տեղատարափ անձրևի ժամանակ շահագործվող համակարգը դիմացավ քննությանը: Եթե դիմացավ, ինչու՞ էին Երևանով անանուն գետեր հոսում և կարող էին երկար ու ավելի բուռն հոսել, եթե ամռան անձրևն ու կարկուտը կարճատև չլինեին: Ջրերի կուտակումներ եղան Լենինգրադյան փողոցում ու Մաշտոցի պողոտայում՝ ըստ «Վեոլիայի», իրականում ջրակուտակումներ եղան բոլոր փողոցներում՝ մեծ ու փոքր և այդ պահին դրսում եղած մարդիկ թրջվում էին ոչ միայն վերևից՝ անձրևից, այլև ներքևից՝ մինչև ծնկները: Ինչու՞ անձրևատար համակարգերը չդիմացան ջրի կուտակումներին ու չէին հասցնում ջուրը հեռացնել:


Երևանի քաղաքապետարանում այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ երեկ երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14 մմ անձրև, որը Երևանում հունիսի տեղումների բազմամյա միջին ամսական քանակի 50 տոկոսն է: Կարկուտով ուղեկցվող անձրևը տեղացել է 10-15 րոպե, որն առաջացրել է անձրևաջրերի կուտակումներ և որոշակի անհարմարություններ ստեղծել մայրաքաղաքի փողոցներում: Ընդամենը այդքանը: Չէ, իսկապես, ինչ է եղել որ: Անձրև էր, եկավ-գնաց: Մի քանի ավտոմեքենա, երթուղայիններին ԱԻՆ փրկարարները ջրից հանեցին, մարդկանց էլ տարհանեցին անվտանգ տարածք:


Իսկ եթե այսօր կամ վաղը երեկոյան նորից անձրև գա՝ ավելի առատ ու ավելի երկա՞ր:
Տարիներ առաջ անկապ հիմնավորումներով քաղաքի կենտրոնում փակվեց Գետառը, խախտվեց դրենաժային համակարգը անկապ կառուցապատումներով, նոր ոչինչ չստեղծվեց՝ վտանգից քաղաքը զերծ պահելու համար: Հիմա հնարավո՞ր է Գետառը վերաբացել: Պատկերացնու՞մ եք՝ ի՞նչ բունտ կանեն սրճարանատերերն ու ռեստորանատերերը, ո՞վ պիտի փոխհատուցի նրանց ծախսերը, որ այսքան տարվա մեջ կարող էին և փակած լինել: Բայց դա նույնն է, թե նամակ գրել երկինք, որ Երևանի վրա 1 ժամում 13-14 մմ անձրև այլևս երբեք չուղարկի: Կամ՝ հինգ րոպեով միայն կատակի: Ջուրը վերևում հավաքվում ու պտտվում է քաղաքում, չգիտի ուր լցվի՝ մտածել է պետք Երևանի հյուսիսային հատվածում՝ վերևում ջրընդունիչ համակարգ կառուցելու մասին: Դրենաժային համակարգի համար Երևանի քաղաքապետարանը հաստատ փող չի գտնի, առավելևս որ դա խելագար խիտ կառուցապատված կենտրոնում գործնականում հնարավոր չէ: Ջրվեժը, Նորքի զանգվածները, քաղաքի կենտրոնը մշտապես վտանգի մեջ են՝ Վեոլիա ջուրը ինչ էլ զեկուցի, ջրահեռացման համակարգեր կամ չկան, կամ չեն գործում, կամ վատ են գործում: Երեկ, բարեբախտաբար, ոչ ոք չզոհվեց, բայց փլուզումների ու նյութական վնասների համար ո՞վ է մեղավոր: Անձրևնե՞րը, թե՞ մարդիկ: Քաղաքապետարանում ինչու՞ չեն քննարկվում այդ հարցերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Տապան կառուցեք, տապան:


Դիտվել է՝ 3436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ